20 հունիսի 2024 - 17:31 AMT
Միրզոյան․ Լիտվայի հետ պայմանավորվել ենք խորացնել գործընկերությունը

Աշխատանքային այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել Հայաստանի և Լիտվայի կապերը մի շարք ոլորտներում, ինչպես, օրինակ, տնտեսություն, բարձր տեխնոլոգիական Էներգետիկա, տուրիզմ, մշակույթ, կրթություն։

«Մեր երկրներն ունեն ամուր բարեկամական կապեր և համագործակցություն, որը հիմնված է համերաշխության, ընդհանուր արժեքների և նպատակների վրա»,- նշել է Միրզոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա հատուկ ընդգծել է լիտվացի գործընկերոջ անձնական ներդրումը ոչ միայն երկու երկրների միջև երկխոսությունն ու հարաբերությունները խորացնելու, այլև Եվրամիության հետ երկխոսության հարցում։

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է կողմերի պատրաստակամությունը բարելավելու տնտեսական համագործակցությունը՝ գիտակցելով առևտրի, ներդրումների ոլորտում առկա ներուժը, ինչպես նաև ընդունելով համագործակցության զարգացման հնարավորությունները նաև այլ ոլորտներում։

Նա ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության դերը երկու հարաբերությունների զարգացման գործում։

Ըստ նախարարի՝ կարևորագույն կետը, որը միավորում է երկու երկրներին, ժողովրդավարությունն է և հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, պատրաստակամությունը կառուցելու ժողովրդավար հասարակություն՝ չնայած շարունակվող մարտահրավերներին ամբողջ աշխարհում և մեր տարածաշրջանում.

«Չնայած բոլոր դժվարին իրողություններին, որոնց բախվել ենք վերջին շրջանում, մեր կառավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հավատարիմ մնալով բարեփոխումների օրակարգին բոլոր ոլորտներում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների»,–ասել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ քաջ գիտակցում են՝ դա հնարավոր է եղել իրականացնել ԱՄՆ, ԵՄ երկրների աջակցությամբ, ներառյալ՝ Լիտվայի։

Արարատ Միրզոյանը և Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: