20 հունիսի 2024 - 18:40 AMT
Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ և անժառանգ անձանց բնակարանները. 7 կալանավորված կա

Ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու միջոցով, սխեմատիկ խարդախության եղանակով մի քանի անշարժ գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը, հայտնում է Քննչական կոմիտեն։

Թիրախավորելով միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց բնակարանները՝ հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է դրանք:

Քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի 32-ամյա բնակիչը 2022թ․ ստեղծել է մի քանի հանցանքներ կատարելու համար երեք և ավելի անձանցից բաղկացած կայուն խումբ՝ հանցավոր կազմակերպություն, որում ընդգրկել է հանրապետության տարբեր մարզերի և Երևան քաղաքի բնակիչների՝ ապահովելով խմբի ամրությունը, իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ կազմակերպվածությունը, ոտնձգությունը համատեղ կատարելու մշակված եղանակները, դերերի բաշխումը, ինչպես նաև` հանցանքների միասնական ջանքերով կատարումը:

Խմբի գործողությունները հաջողությամբ քողարկելու և դրա բացահայտումն անհնարին դարձնելու նպատակով 32-ամյա տղամարդը նրանց հետ կապն ապահովել է համացանցային տարբեր հավելվածների միջոցով, հանցավոր կազմակերպության մասնակիցներին տվել է երաշխիքներ և խորհուրդներ՝ իրենց կատարած հանցանքների համար քրեական պատասխանատվությունից խուսափելու մեխանիզմների վերաբերյալ, ինչպես նաև՝ նրանց վստահություն ներշնչել՝ հանցավոր գործողությունները բարեհաջող ավարտելու և առաջացած հնարավոր խնդիրները լուծելու վերաբերյալ:

Քննությամբ հիմնավորվել է, որ 2022-2023թթ. ընթացքում հանցավոր կազմակերպության անդամները պատրաստել և օգտագործել են կեղծ անձնագրեր, ամուսնության կեղծ վկայականներ, իբրև թե ՌԴ-ում տարբեր նոտարների կողմից վավերացված կեղծ լիազորագրեր և տեղեկանքներ։ Հանցավոր կազմակերպության անդամները դրանք օգտագործել են պետական տարբեր մարմիններում, դատական ատյաններում և խարդախության եղանակով հափշտակել են չորս անշարժ գույք՝ բնակարաններ, որոնցից 3-ը՝ Էջմիածին քաղաքում, 1-ը՝ Երևանում՝ հիմնականում թիրախավորելով կենդանության օրոք միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքերը խմբի անդամները վաճառել են և ստացված գումարները փոխանցել բանկային հաշվին, ապա բանկում փոխանակել դոլարային արժույթով և կանխիկացրել։ Այդ կերպ փոխարկելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ նրանք նպատակ են հետապնդել թաքցնել և խեղաթյուրել գույքի հանցավոր ծագումը, օժանդակել հանցավոր կազմակերպության մյուս անդամներին խուսափելու պատասխանատվությունից:

Խմբի անդամները, 32-ամյա տղամարդու կողմից կատարված դերաբաշխմանը համապատասխան, ներկայացնելով իրականում գոյություն չունեցող անձանց` որպես բնակարանների իրական սեփականատերերի հետ իբր ամուսնացած կամ ժառանգորդ, մտացածին անձի տվյալներով պատրաստել են կեղծ փաստաթղթեր՝ քաղաքացիաիրավական գործարքներ կատարելու վերաբերյալ իբրև ՌԴ Մոսկվա քաղաքի նոտարների կողմից վավերացված կեղծ լիազորագրեր, ինչպես նաև՝ այլ կեղծ փաստաթղթեր՝ ՌԴ-ում ամուսնության վկայականներ, ամուսնական վկայականը տրամադրված լինելը հավաստող կեղծ տեղեկանքներ:

Այնուհետև, հանցավոր կազմակերպության անդամները, առանձին դեպքերում տեղեկանալով թիրախավորված բնակարանների սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ կտակի առկայության մասին, այդ անշարժ գույքը խաբեության եղանակով հափշտակելու նպատակով, կեղծ լիազորագրերի հիման վրա հանդես են եկել որպես տուժողների կամ նրանց հետ իբրև թե ազգակցական կապեր ունեցող, իսկ իրականում գոյություն չունեցող անձանց ներկայացուցիչներ և իրավասու մարմիններ ներկայացնելով այդ կեղծ փաստաթղթերը` նրանց անունից կատարել են սեփականության գրանցման և գույքի օտարման գործարքներ։

Հանցավոր խմբի հետագա գործունեությունը հնարավոր է եղել կանխել և հանցագործությունների շարքը բացահայտել այն բանից հետո, երբ դրա անդամները ձեռնամուխ են եղել կեղծ փաստաթղթերի պատրաստման և օգտագործման միջոցով խաբեության եղանակով Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի բնակարաններից մեկում բնակվող կնոջը սեփականության իրավունքով պատկանող բնակարանի հափշտակությանը։ Սակայն գործարքը չի կայացել, քանի որ նոտարի կողմից հայտնաբերվել է լիազորագրի կեղծված լինելու հանգամանքը, վերջինս հրաժարվել է գործարքը կատարելուց և կեղծ լիազորագրի օգտագործման դեպքի կապակցությամբ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հափշտակությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 52,162,500 դրամի վնաս:

Նախաքննության ընթացքում հանցավոր խմբի ղեկավարին և 6 անդամների, այդ թվում՝ դատարանում և համայնքապետարանի քարտուղարությունում համապատասխան պաշտոններ զբաղեցնող 2 անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով, այդ թվում, ըստ կատարած հանցավոր արարքների՝ հանցավոր կազմակերպության կազմում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով մի քանի դրվագ հափշտակություն կատարելու, մինչև մեկուկես տասնյակի հասնող դրվագներով փաստաթղթեր կեղծելու, մի քանի դրվագ սուտ ցուցմունք տալու, 32-ամյա տղամարդուն՝ նաև հանցավոր խմբավորում ստեղծելու և ղեկավարելու համար։

Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, սակայն հետագայում մեղադրյալներից մեկի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքը փոխվել է տնային կալանքով: Նախաքննությունը նշված 7 անձանց մասով ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: