21 հունիսի 2024 - 10:44 AMT
Բլինքենն Ալիևի հետ խոսել է ՀՀ հետ անհապաղ խաղաղության պայմանագիր կնքելու կարևորության մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունիսի 20–ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում, ընդունելով առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճանապարհին, խոսել է Հայաստանի հետ անհապաղ խաղաղության պայմանագիր կնքելու կարևորության մասին։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում։

Նա վերահաստատել է այդ ուղղությամբ ԱՄՆ հետագա աջակցության շարունակականությունը։

Անդրադառնալով ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարևորությանը՝ պետքարտուղարն ընդգծել է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցությունը կլիմայական և էներգետիկ նպատակների շուրջ։ Նա հավելել է, որ ԱՄՆ–ն հանձնառու է օգնել Բաքվին COP29-ի հաջողության հարցում: Նա Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն արմրացնելու ու նորացնելու կոչ է արել։

Բլինքենը հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։