21 հունիսի 2024 - 13:57 AMT
Լավրով․ Որևէ փաստաթուղթ ՀԱՊԿ–ից դուրս գալու մասին Հայաստանից չենք ստացել, նման հարց չի քննարկվել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ուղարկել, հետևաբար, այդ հարցը և կազմակերպությունից դուրս գալու հնարավոր հետևանքները ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում չեն քննարկվել։ Այդ մասին նա ասել է ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում քննարկվել է կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը։

«Ոչ, նման հարց չի քննարկվել, քանի որ չի եղել համապատասխան հարցում»,–ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Գուշակություններն այն մասին, թե ինչ կլիներ, եթե ինչ–որ բան լիներ, դիվանագիտության մեջ ընդունված չեն: Ինչպես արդեն ասացի՝ այո, այսօր հայ նախարարը ներկա չէր նիստին, բայց Հայաստանից որևէ փաստաթուղթ, որևէ պաշտոնական քայլ չկա, որն անհրաժեշտ է դարձնում քննարկել այն բանի հետևանքները, որը տեղի չի ունեցել»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։

Արարատ Միրզոյանը հունիսի 12–ին ԱԺ–ում հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ–ից։ Փաշինյանը նույն օրը խորհրդարանում ակնարկել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից՝ ասելով, թե նախկին իշխանությունները մտել էին «փուչիկ դաշինք», իսկ հետո պարզվել է, որ այն ոչ թե պաշտպանում է Հայաստանը, այլ պատերազմ է պլանավորում է Հայաստանի դեմ։

«Վարչապետն ասել է, որ մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք, մենք կորոշենք, բայց հետ չենք գնա՝ ոչ պակաս, ոչ էլ ավելի։ Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է՝ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է»,- ասել էր Միրզոյանը։