22 հունիսի 2024 - 11:40 AMT
Բագրատ սրբազանն իր մեքենան նվիրել է Արցախի ներկայացուցչությանը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Կիրանցից վերադառնալուց հետո այցելել է Հայաստանում Արցախի ներկայացուցչություն։ Մինչև հանդիպման մեկնարկը սրբազանն ասել է, որ ցանկանում է իր ավտոմեքենան նվիրել Արցախի ներկայացուցչությանը։

Հունիսի 21–ին հատուկջոկատայինները կոտրել էին Արցախի ներկայացուցչության դարպասը և առգրավել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան՝ նշելով, թե դա «քրեական վարույթի շրջանակում է» արվում։

Նրան դիմավորել են Սամվել Շահրամանյանը, Արցախի ԱԺ պատգամավորները, հայտնում է Aysor.am-ը։

«Ես այսօր Ոսկեպարում եմ իմացել այդ անընդունելի դեպքի մասին։ Ցանկանում եմ իմ մեքենան նվիրել ձեզ՝ մեր ժողովրդին ծառայության համար։ Սա կարևոր արարք է, որը հստակ ուղերձ պետք է լինի այն մարդկանց, որոնք չնչին, էժան տարբերակով փորձում են ճնշում գործադրել»,- ասել է Բագրատ սրբազանը՝ իր մեքենայի բանալիները հանձնելով Արցախի նախագահին։

Անդրադառնալով հունիսի 21-ին Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցածին՝ նա ասել է, որ ոչ միայն իրավական չի համարում այդ արարքը, այլ նաև բարոյական, հայտնում է Panorama.am-ը։

«Թող մեքենաների մասին չմտածի, թող պատասխանի՝ ո՞ւր է Գանձասարը, Ամարասը, Ղազանչեցոցը, Դադիվանքը, մեր տղերքի շիրիմները»,–ասել է սրբազանը։

Նա նշել է, որ թե՛ ԵՄ-ից, թե՛ ԱՄՆ-ից, թե՛ ամբողջ աշխարից արցախցիների իրավունքների մասին խոսում են, «բացի Հայաստանի Հանրապետությունից ու իր գործընկեր Ադրբեջանից»։

«Մարդիկ եկել են այստեղ, փորձել են դիմակահանդես սարքել, ինչպես սարքում են միշտ, դարպասները ջարդել են, որի կարիքը չկար, կարող էին հանգիստ բացել ու մտնել ներս։ Սա անթույլատրելի է, ու ես դիմում եմ ՀՀ քաղաքական, հասարակական ուժերին, որ այս երևույթի նկատմամբ գնահատական հայտնեն։ Իրենք կհանդուրժե՞ն, որ իրենց դարպասները կոտրեն, անկախ նրանից թե խնդիրն ինչ է։

Փորձում են ամեն գնով նվաստացնել, ճնշել, ամեն հնարավոր տարբերակով, հավանաբար նաև Ադրբեջանից է եկել ուղերձ, շատ հավանական է, չենք բացառում։ Տևական ժամանակ ընկել են ինչ–որ մեքենայի հետևից։ Այդ մեքենա՞ն է ձեզ երջանկացնում։

Հսկա երկիրը տապալել, կործանել եք, հայրենիքը հանձել եք, հիմա ընկել եք ինչ-որ մեքենաների հետևի՞ց։ Ինչո՞ւ չեն ասում, թե Արցախից որքան գույք, մեքենաներ, այդ թվում որքա՞ն շտապօգնության մեքենաներ են բերել, հանձնել այստեղ, ինչո՞ւ այդ մասին չեն խոսում։ Բացի այդ, մարդիկ մի կերպ պե՞տք է հասնեին Հայաստան։ Ի՞նչ են արել իրենք, ուղղաթի՞ռ են ուղարկել, մեքենա՞, բացի երկիրը հանձնելուց, բացի ասելուց, որ մեր ձեռքերը Պիղատոսի պես լվացել ենք։ Երաշխավորը չի՞ եղել Արցախի»,–ասել է Գալստանյանը։

Ավելի վաղ ՔԿ-ից Factor.am-ին փոխանցել են, որ դեռևս 2024 թ․ փետրվարին ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով քննիչի կողմից էր կայացվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում։