22 հունիսի 2024 - 12:57 AMT
ԱԳ փոխնախարար․ Շարունակում ենք հնարավոր քայլերն անել ԼՂ–ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտարարել է, որ Կառավարությունը շարունակում է գործարկել բոլոր հնարավոր քայլերը ԼՂ–ից բռնի տեղահանվածներին, փախստականներին աջակցելու համար։ Նա այդ մասին ասել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի կողմից Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը:

Նա իր ելույթում նշել է, որ Հայաստանն անկախությունից ի վեր բազմիցս բախվել է փախստականների խնդրին։

«1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանից բռնի տեղահանվեց մոտ 500,000 հայ, նրանցից 360,000-ը ապաստան գտան Հայաստանում։ Տեղահանումների հաջորդ խոշոր ալիքին ականատես եղանք 2020թ, և ի վերջո նախորդ տարի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանվեցին ավելի քան 115 հազար հայեր, որոնց մոտ 2/3-ը կանայք և երեխաներ։ Առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ փախստականներից շատերը բազմակի տեղահանումների զոհ էին։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը օգնություն տրամադրելու նպատակով՝ Հայաստանի կառավարությունը և ՄԱԿ- փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հանդես են եկել 97 միլիոն ԱՄՆ դոլարի տրամադրման համատեղ կոչով: Ցավոք, հավաքագրվել է նախատեսված միջոցների միայն կեսից քիչ ավելին՝ 54 մլն ԱՄՆ դոլար։ Սա ընդգծում է միջազգային դոնորների էլ առավել մեծ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ առկա կարիքները համապարփակ կերպով հասցեագրելու նպատակով»,–ասել է նա։

Կոստանյանն իր ելույթում ընդգծել է նաև, որ առաջնահերթություն համարելով փախստականների կարիքների հասցեագրումը, Հայաստանը 2023 թ. տեղի ունեցած Փախստականների համաշխարհային ֆորումի ընթացքում ստանձնել է մի շարք կամավոր հանձնառություններ, որոնք իրականացնելու առումով արդեն իսկ գործարկվել են բազմաթիվ ծրագրեր

Նախարարի տեղակալն շնորհակալություն է հայտնել Հայաստանի բոլոր այն գործընկերներին, որոնք իրենց օգնության ձեռքն են մեկնել բռնի տեղահանվածներին:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։