13 մայիսի 2009 - 16:26 AMT
«Ճանապարհային քարտեզն» ընդամենը մտադրությունների մասին հայտարարությու՞ն է
«Ճանապարհային քարտեզը» մի տերմին է, որն արդեն մտել է շրջանառության մեջ եւ նշանակում է ընդամենը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սկզբունքների մասին հայտարարություն: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է քաղաքագետ Սուրեն Զոլյանը: «Ինձ լրջորեն անհանգստացնում է Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ համատեղ հայտարարության մեջ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հանձնաժողովի ստեղծման մասին դրույթը: Եթե այդ հանձնաժողովը զբաղվի երկու երկրներին առնչվող զանազան հարցերով, դա բոլորովին այլ բան է; Բայց եթե այն պետք է հետազոտի երկու ժողովուրդների պատմությունը, ապա դա արդեն անհանգստության առիթ է տալիս»,- նշել է քաղաքագետը:
Սուրեն Զոլյանն առանձնապես ընդգծել է, որ որոշ եվրոպական երկրներում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական պատասխանատվություն է նախատեսում, եւ դա նշանակում է, որ եթե պատմաբանները ժխտեն XX դարի առաջին ցեղասպանության փաստը, ապա այդ երկրներում օրենքը տարածվելու է նաեւ նրանց վրա:
2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ:
Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար: