22 հունիսի 2024 - 14:20 AMT
Իսրայելը հայտարարել է՝ Պաղեստինի ճանաչումը ՀՀ կողմից լուրջ հետևանքներ կունենա

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտարարել է, որ Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա։

Նա զգուշացրել է, որ դա «լուրջ հետևանքներ կունենա», հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը պարգև է ՀԱՄԱՍ–ից և պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների ու մարդասպանների համար։ Այդ քայլը լուրջ երկարաժամկետ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար»,–նշել է նա։

Հունիսի 21–ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ։ Նշվում է, որ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը:

Պաշտոնական Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է երկրի ԱԳՆ։ Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նրան կանչել են «խիստ դիտողություն» հայտնելու նպատակով: