22 հունիսի 2024 - 15:14 AMT
Էգոյանը կլինի «Ոսկե ծիրանի» կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը

Կանադահայ վարպետ Ատոմ Էգոյանը վերադառնում է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն՝ նա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն է, հայտնում է փառատոնի լրատվական ծառայությունը:

Բացի այդ, Էգոյանի բարձր գնահատանքի արժանացած նոր կինոնկարը՝ «Յոթ քողը», որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում էր, 21-րդ «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմն է։

Սա Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատերական մի ռեժիսորի դերում, ով ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։ Ֆիլմը կցուցադրվի ոչ միայն բացմանը, այլև փառատոնի ընթացքում՝ որպես «Երևանյան պրեմիերա»։

Փառատոնի ընթացքում Էգոյանը կարժանանա Փարաջանովյան թալեր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։

Փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից: «Ոսկե ծիրանն» առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու ծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: