Մի շարք արաբական երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Օմանը, Քուվեյթը, Կատարը և այլ, ողջունել են Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը։
Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳՆ-ն հայտարարությամբ է ողջունել ՀՀ որոշումը:
Եգիպտոսի ԱԳՆ-ն բարձր է գնահատել բարեկամ Հայաստանի աջակցությունը պաղեստինյան արդար դատին` կոչ անելով շարունակել միջազգային հանրության կողմից գնահատված այդ ջանքերը։
Քուվեյթը դա որակել է որպես դրական քայլ, որը կնպաստի հասնելու նրան, ինչը նախատեսված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերում և Արաբական խաղաղության նախաձեռնությամբ՝ Պաղեստինի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալու և 1967թ. սահմանների հիման վրա անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ, հայտնում է Արմենպրեսը։
https://armenpress.am/hy/article/1194291
Իրաքի ԱԳՆ–ն նույնպես ողջունել է Պաղեստինի ճանաչման վերաբերյալ ՀՀ հայտարարությունը:
Հայաստանի որոշումը ողջունել են նաև Օմանի Սուլթանությունը, Պաղեստինի ԱԳՆ-ն, Հորդանանը։
Հունիսի 21–ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ։ Նշվում է, որ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը:
Պաշտոնական Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է երկրի ԱԳՆ։ Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նրան կանչել են «խիստ դիտողություն» հայտնելու նպատակով: