22 հունիսի 2024 - 16:40 AMT
Բեգլարյան. Արցախի ինքնորոշման իրավունքը ոտնահարած իշխանությունները հայտարարել են Պաղեստինի ճանաչման մասին

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում խորհրդանշական է համարել, որ Արցախի ինքնորոշման իրավունքը ոտնահարած իշխանությունները հայտարարել են Պաղեստինի ճանաչման մասին։

«Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքում հունիսի 21–ին ցուցադրված «դիմակահանդեսը» ՀՀ իշխանությունների հերթական խայտառակ ոտնձգությունն էր Արցախի և արցախցիների հանդեպ:

Խորհրդանշական է, որ այս խիստ դատապարտելի պահվածքին զուգահեռ իշխանությունները նույն օրը հայտարարել են Պաղեստինի Պետության ճանաչման մասին: Դա արել են այն իշխանությունները, որոնք ժխտել ու ոտնահարել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ պարարտ հող ստեղծելով ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի ու Արցախի հայաթափման համար, իսկ հիմա էլ թիրախավորում են Արցախի խիստ խոցելի պետական ինստիտուտներին:

Երևի հաջորդ հեգնական դրվագը կլինի Պաղեստինի տեղահանված ժողովրդի վերադարձի անհրաժեշտության մասին հայտարարելը՝ զուգահեռաբար հանցավոր կերպով փակելով Արցախի տեղահանված ժողովրդի վերադարձի հնարավորություններն ու միջազգային օրակարգը:

Հունիսի 21–ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ։ Նշվում է, որ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը:

Պաշտոնական Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է երկրի ԱԳՆ։ Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նրան կանչել են «խիստ դիտողություն» հայտնելու նպատակով: