24 հունիսի 2024 - 17:03 AMT
Փաշինյանը ցավակցել է Պուտինին․ ՀՀ–ն անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանըցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, խոր ցավով ընդունեցի Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած և անմեղ քաղաքացիների և իրավապահների մահվան պատճառ դարձած սարսափելի ահաբեկչությունների մասին ողբերգական լուրը։

Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը և անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում։

Խնդրում եմ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Հունիսի 23–ին ՌԴ Դաղստանի Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում անհայտ անձինք հարձակվել են սինագոգի, եկեղեցիների և ՃՈ հենակետի վրա։ Հարձակման արդյունքում զոհվել է մոտ 20 մարդ, որոնցից 15–ը ոստիկան։ Այդ մասին հայտարարել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը։

Զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձինք, այդ թվում՝ ՌՈւԵ քահանա։ Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել։