24 հունիսի 2024 - 18:48 AMT
ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք

ԱՄՆ քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանն այցելել է Սյունիքի մարզ՝ ծանոթանալու տեղի մշակութային և պատմական գեղատեսիլ վայրերին։ Այդ մասին նշված է Նինա Խաչիկյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառումներում, հայտնում է Արմենպրեսը։

«Նախքան տուն վերադառնալը՝ ես հանգստյան օրերն անցկացրի Սյունիքում՝ հարավային Հայաստանում: Այն, իսկապես, անհավանական վայր է. պատմությունը, մշակույթը, հրաշալի մարդիկ և հրաշալի բնական գեղեցկությունը հիացրել են ինձ։ Զարմանալի է Սյունիքի բնական գեղեցկությունը, իսկ շուրջբոլորը հնագույն պատմություն է։ Հայերն այստեղ ապրել են հազարավոր, նույնիսկ տասնյակ հազարավոր տարիներ»,- նշել է Խաչիկյանն իր գրառման մեջ։

Նա հավելել է, որ ինչպես Հայաստանում ամենուր, այնպես էլ Սյունիքում կան գեղեցիկ հին եկեղեցիներ, քանի որ Հայաստանն առաջին պետությունն է, որն ընդունել է քրիստոնեությունը 301 թվականին:

«Որոշ շինություններ, որոնք մենք տեսանք, թվագրվում են մեր թվարկության 400-ական թվականներին»,- նշված է գրառման մեջ:

Հունիսի 17-ին Երևանում անցկացվել է Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ–ամերիկյան համաժողովը, որին մասնակցելու է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովը, որ առաջին է իր տեսակի մեջ, միավորել էր ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև նահանգների ղեկավարներին։