24 հունիսի 2024 - 18:49 AMT
Գլխավոր քարտուղար․ ՀԱՊԿ-ը կօգնի ՌԴ–ին Դաղստանի ահաբեկչություններից հետո, եթե դիմում լինի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ ՀԱՊԿ դաշնակիցներն անտարբեր չեն մնա, եթե Ռուսաստանը Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո դիմի օգնության համար։

«Այս պահի դրությամբ քարտուղարությունը ՌԴ–ից օգնության դիմում չի ստացել։ Ռուսաստանն իր սեփական ներուժն ու փորձն ունի նման խնդիրների հաջող լուծման համար։ Զգալի է նաև երկկողմ միջգերատեսչական փոխգործակցության ներուժը։ Սակայն ես վստահ եմ, որ եթե Ռուսաստանը դիմի, դաշնակիցներն անտարբեր չեն մնա», - նշել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Տասմագամբետովը նշել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը խոր ցավով է ընդունել Մախաչկալայի և Դերբենդի ողբերգական իրադարձությունների մասին լուրերը:

«Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկիչների գործողությունները և միջկրոնական պառակտում հրահրելու ցանկացած փորձ։ Նման հանցագործությունների համար ոչ մի արդարացում չկա», - ասել է նա։

Հունիսի 23–ին ՌԴ Դաղստանի Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում անհայտ անձինք հարձակվել են սինագոգի, եկեղեցիների և ՃՈ հենակետի վրա։ Հարձակման արդյունքում զոհվել է մոտ 20 մարդ, որոնցից 15–ը ոստիկան։ Այդ մասին հայտարարել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը։

Զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձինք, այդ թվում՝ ՌՈւԵ քահանա։ Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել։