25 հունիսի 2024 - 11:11 AMT
Պետդեպ․ Շարունակում ենք աշխատել ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ–ն շարունակում է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ հույս ուներ նոր բան լսել խաղաղության գործընթացի վերաբերյալ։

«Ես չեմ պատրաստվում խորանալ մասնավոր դիվանագիտական խոսակցությունների մեջ, բայց, ինչպես արդեն ասել ենք, մեր հայտարարության մեջ, Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի միջև փոխգործակցությանը և շարունակում է աշխատել նրանց հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,–ասել է Միլլերը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունիսի 20–ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում, ընդունելով առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճանապարհին, խոսել է Հայաստանի հետ անհապաղ խաղաղության պայմանագիր կնքելու կարևորության մասին։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում։ Նա վերահաստատել է այդ ուղղությամբ ԱՄՆ հետագա աջակցության շարունակականությունը։