25 հունիսի 2024 - 11:30 AMT
Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ–ին՝ Պաղեստինի ճանաչման հարցում սկզբունքային մոտեցման համար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի Պետության վարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Մոհամմեդ Մուստաֆայի հետ, որը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար:

ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ որոշումը հիրավի պայմանավորված է «երկու պետություն» սկզբունքով կարգավորմանն աջակցելու, մարդկային մեծ կորուստների հանգեցնող իրավիճակի հանգուցալուծման կարևորության հարցում հետևողական դիրքորոշմամբ:

Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների և քաղաքական երկխոսության զարգացման հարցերին:

Հունիսի 21–ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ։ Նշվում է, որ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը:

Պաշտոնական Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է երկրի ԱԳՆ։ Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նրան կանչել են «խիստ դիտողություն» հայտնելու նպատակով: Մի շարք արաբական երկրներ ողջունել են Հայաստանի որոշումը։