25 հունիսի 2024 - 12:09 AMT
Դրամաշնորհային մրցույթ` «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»

Ակբա Ֆեդերացիան և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի 2-րդ` «Դարձի՛ր կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթը։

Ծրագրի շրջանակում հայտարարված «Դարձի՛ր կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթի նպատակն է օգնել գյուղական վայրերում գործող այն հյուրանոցներին և հյուրատներին, որոնք ցանկություն ունեն ներդնել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համակարգեր։

Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ հյուրանոցներն ու հյուրատները.

- ցանկանում են ներդնել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համակարգ,

- գտնվում են գյուղական վայրում,

- պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,

- ունեն առնվազն 5 սենյակ։

Դրամաշնորհային մրցանակի առավելագույն չափը 1,500,000 դրամ է։

Հաղթողները պարտավորվում են մինչև դեկտեմբերի 31-ն օգտագործել դրամաշնորհը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնող գործողությունների վրա, ինչպիսիք են թափոնների նվազեցումը, օգտագործված իրերի/ ռեսուրսների վերամշակումը, վերականգնվող էներգիայի օգտագործումը, ջրի խնայողությունը, կայուն գյուղատնտեսության աջակցումը և այլն։

Հաղթողները պետք է կատարեն տրամադրված դրամաշնորհին համարժեք սեփական ներդրում:

Դրամաշնորհային մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Մրցույթը կամփոփվի սեպտեմբերի 1-ին։

Դիմում հայտը հնարավոր է լրացնել կայքում։

Այն հյուրանոցներն ու հյուրատները, որոնք արդեն իսկ ունեն ներդրված բնական ռեսուրսները խնայող համակարգեր, կարող են մասնակցել ծրագրի շրջանակում հայտարարված առաջին մրցույթին հետևյալ հղմամբ:

Հարցերի դեպքում կարելի է զանգահարել +37444599949 հեռախոսահամարին կամ գրել greentourism@nabu.am էլ. հասցեին։

Առաջիկայում կհայտարարվի նաև ծրագրի շրջանակում իրականացվելիք վերջին՝ 3-րդ մրցույթի մասին։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: