25 հունիսի 2024 - 13:31 AMT
Լեդի Գագայի «911» հոլովակի հեղինակը Ոսկե ծիրանի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրի ժյուրիի նախագահն է

«Ոսկե ծիրան» 21–րդ կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է հնդկական ծագման ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհը, ով հայ հանդիսատեսին գուցե առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ։

«Լեդի Գագայից բացի՝ Թարսեմի ռեժիսորական աչքով են տեսողական մարմին ստացել «R.E.M.»-ի «Losing My Religion» երգը, Վանեսա Պարադիի «Be My Baby»-ն, Լու Ռիդի «What’s Good»-ը և այլն, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։

2000-ին մեծ էկրան է բարձրացել Թարսեմի կինոդեբյուտը՝ Ջենիֆեր Լոպեսի գլխավոր դերակատարությամբ կուլտային «Բջիջ» գիտաֆանտաստիկ թրիլերը, որը բազմաթիվ կինոքննադատներ գովել են հոլիվուդյան կինոյի համար անսովոր վառ պատկերային, սիմվոլիկ մտածողության համար։

«Բջիջից» ի վեր Սինգհը հեղինակել է ևս 5 լիամետրաժ ֆիլմ, որոնցից վերջինը՝ «Սիրելի Ջասի» դրաման, համաշխարհային պրեմիերա է ունեցել 2023-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում՝ արժանանալով «Platform» մրցանակին, իսկ երևանյան պրեմիերա կունենա «Ոսկե ծիրան» 2024-ի օրերին։

Փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: «Ոսկե ծիրանն» այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: