25 հունիսի 2024 - 15:16 AMT
Սյունիքում զինծառայող է հանկարծամահ եղել․ Շարքում կանգնած, վիճակը կտրուկ վատացել է

Հունիսի 24-ին ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ հաղորդման՝ զորամասում, շարքում կանգնած ժամանակ, Ներսիսյանի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ, որի կապակցությամբ շտապ կարգով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ, ժամը 10:00-ի սահմաններում, արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը:

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նախաքննության շրջանակներում կատարվել է դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Հարցաքննվել են մի շարք անձինք, բուժհաստատությունից առգրավվել են մահացած զինծառայողին վերաբերող բժշկական փաստաթղթերը։

Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: