26 հունիսի 2024 - 10:59 AMT
ԱԺ պատգամավորները Գերմանիայի ԱԳ պետնախարարի հետ քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները հունիսի 25-ին Բեռլինում Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ հանդիպմանը կարևորել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության խորացումը քաղաքական, տնտեսական, էներգետիկ և մի շարք այլ ոլորտներում:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը` կարևորելով Գերմանիայի կառուցողական դերն այդ հարցում:

Հայ պատգամավորները Թոբիաս Լինդներին են ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և տարածաշրջանի տնտեսական զարգացման հեռանկարները:

Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Պատվիրակության կազմում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Ռուստամ Բաքոյանը, Միքայել Թումասյանն ու Հռիփսիմե Հունանյանը

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։