26 հունիսի 2024 - 11:36 AMT
ԱԽ քարտուղար. Բաքվից ստացել ենք խաղաղության պայմանագրի մասով առաջարկների 10-րդ փաթեթը

Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Գործընթացը բավական դինամիկ է, երբեմն առաջընթաց կա, երբեմն` ոչ, բայց մենք աշխատում ենք»,– ասել Գրիգորյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին:

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։