13 մայիսի 2009 - 17:56 AMT
Էրդողանը նորից հայտարարել է Հայաստանի հետ սահմանի բացման մասին միայն Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումից հետո
«Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ ԼՂ հարցը լուծված չէ»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքով, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը «չի թուլացնի Թուրքիայի հետաքրքրությունը Ադրբեջանի հանդեպ»:
«Լեռնային Ղարաբաղում այժմյան իրավիճակը չի կարող եւ երբեք չի ընդունվի, փակ սահմանը ղարաբաղյան հիմնախնդրի արդյունքն է»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Էրդողանը:
Անկարան դադարեցրեց իր դիվանագիտական հարաբերությունները Երեւանի հետ եւ փակեց սահմանը 1993-ին` պաշտպանելով Ադրբեջանին: 2008-ի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան դրեց հայ-թուրքական երկխոսության հիմքը: Այս տարվա ապրիլի 23-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երը Շվեյցարիայի ԱԳՆ միջնորդությամբ ստորագրեցին համատեղ հայտարարություն հարաբերությունների կարգավորման մասին: «Ճանապարհային քարտեզի» ստորագրման հնարավորությունն էլ պատճառ հանդիսացավ Ադրբեջանում անհանգստության համար: Որոշ աղբյուրներ հաղորդում են, որ Բաքուն սպառնում է դադարեցնել Թուրքիա գազամատակարարումը: