26 հունիսի 2024 - 17:49 AMT
Զախարովան․ Գրիգորյանը նվաստացնում է իր ժողովրդին՝ ՌԴ–ին մեղադրելով ԼՂ-ն կորցնելու մեջ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նվաստացնում է սեփական ժողովրդին՝ ՌԴ–ին մեղադրելով Լեռնային Ղարաբաղը կորցնելու մեջ։

Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը եկել է, հանձնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին ու վերադարձել հետ։

«Կարծում եմ, որ կան բաներ, որոնք չի կարելի մեկնաբանել՝ չունենալով բժշկական կրթություն։ Գիտեք՝ ես չունեմ ինչ–որ հմտություններ այդ ոլորտում կիրառելու համար, սակայն, այլ կերպ դրան հնարավոր չէ վերաբերվել։ Բայց գլխավորն այն է, որ այդպիսով, հանդիսանալով իշխանության ներկայացուցիչ, նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին»,– ասել է դիվանագետը, գրում է ՏԱՍՍ–ը։

«Հայաստանի քաղաքացիներն իրենց կյանքի գնով պաշտպանել են իրենց տարածքը, դա պատմականորեն կարևոր համարել։ Հայաստան պետության գաղափարախոսությունը երկար տարիներ կառուցվել է հենց այդ թեզերի վրա։ Նրանք արձագանքում էին պետության կոչին, նրանք գիտեին, թե ինչի համար են մարտի գնում, հանուն ինչի էին իրենց կանանց ու երեխաներին դատապարտում այրիության ու որբության”,–ասել է Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, թե «ինչպե՞ս կարելի է այդքան ցինիկ կերպով դավաճանել նրանց հիշատակը, զրոյացնել այն, ինչը նախկինում և, հավանաբար, հիմա էլ Հայաստանում սխրանք է կոչվում»։

«Ո՞վ է իրավունք տվել դրսից սնվող ակնհայտ ժամանակավոր գործիչներին վիրավորել սեփական ժողովրդին»,- ասել է Զախարովան։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

Արցախի հայաթափումից հետո ռուս խաղաղապահները դեռևս որոշ ժամանակ մնացին Արցախում, նույնիսկ հայտարարվեց, որ նրանց մասնակցելու են ականազերծման աշխատանքներին, սակայն 2024–ի գարնանը հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահները դուրս են գալիս ԼՂ–ից, փակվեց նաև Ռուս–թուրքական մոնիտորինգի կենտրոնը։