26 հունիսի 2024 - 18:10 AMT
Ուսանողական ջոկատները դիրքերում կմասնակցեն ինժեներական որոշ աշխատանքների, աղջիկները՝ ևս

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է ձևավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է առաջնագծի ինժեներական կառույցներ այցերի ընթացքում:

Պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարները հավանություն են տվել առաջարկին, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Այն ուսանողները, որոնք մասնակցություն կունենան ծրագրին, կխրախուսվեն պետության կողմից։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին: Ձեւավորվելիք ուսանողական ջոկատների պատասխանատուները կլինեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, խմբերում ընդգրկված կլինեն նաև աղջիկներ:

Քոչարյանը նշել է, որ ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին մասնակից լինելու երկրի պաշտպանական խնդիրների լուծմանը, ձեռք բերելու նոր հմտություններ, ծանոթանալու բանակի առօրյային: Պատգամավորի տեղեկացմամբ ուսումնասիրելով միջազգային փորձը` պարզվել է, որ նմանատիպ ծրագրեր իրականացվում են եվրոպական մի շարք երկրներում:

Առաջարկն ուղարկվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ արդեն կան արձագանքներ: