26 հունիսի 2024 - 18:13 AMT
ԵՄ–ն լրացուցիչ 10 մլն եվրո կհատկացնի Ադրբեջանին ականազերծման համար

ԵՄ–ն լրացուցիչ 10 մլն եվրո կհատկացնի Ադրբեջանին ականազերծման համար։ Բաքվում տեղի է ունեցել ԵՄ անդամ երկրների ականազերծման գծով փորձագետների և Ադրբեջանի ականազերծման գործակալության անդամների առաջին հանդիպումը։

Հունիսի 5–ին Բաքվում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ եթե Եվրամիությունը մտադիր է օգնություն ցուցաբերել Հայաստանին, ապա Ադրբեջանին էլ պետք է գումար հատկացնի։ Խոսելով Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո հատկացնելու ծրագրի մասին՝ Սիյարտոն ասել է, որ նույնքան գումար պետք է հատկացվի նաև Ադրբեջանին։

Ըստ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության, այս նախաձեռնությունը ԵՄ գործունեության մի մասն է, որն ուղղված է Ադրբեջանում հումանիտար ականազերծմանը, գրում է Turan.az-ը։

Գումարը կտրամադրվի 2024-2025թթ․ համար։ Նախատեսվում է ստեղծել Առաջադեմ փորձի կենտրոն, որը ղեկավարվելու է Ադրբեջանի ականազերծման գործակալության կողմից։

Նշվում է, որ լրացուցիչ ֆինանսավորման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 4–ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցի ժամանակ։

Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, որը Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել։ Բաքուն հայտարարել էր, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։