27 հունիսի 2024 - 12:23 AMT
Ադրբեջանն ու Իտալիան ռազմատեխնիկական գործակցություն են սկսում․ Ցուցադրվել է «Լեոնարդո» ռազմատրանսպորտային ինքնաթիռը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Իտալիան ռազմատեխնիկական համագործակցություն են սկսում, որն ազդարարվել է С-27J Spartan «Լեոնարդո» ռազմատրանսպորտային ինքնաթիռի մատակարարմամբ։ Այդ մասին Ալիևն ասել է Իտալիայի պաշտպանության նախարարի հետ Բաքվում կայացած հանդիպմանը։

Ինքնաթիռի մատակարարումն Ալիևը գնահատել է որպես «երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցիչ»՝ նշելով, որ Ադրբեջանն ու Իտալիան բազմաթիվ ոլորտներում գործում են որպես ռազմավարական գործընկերներ, գրում է Turan-ը։

«Եվրոպայում մեր առևտրային կապերի մեծ մասը բաժին է ընկնում Իտալիային, որի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 15 մլրդ դոլարը։ Մեր համագործակցությունը նավթագազային ոլորտում կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլ նաև ամբողջ եվրոպական տարածքի համար»,–ասել է նա։

Մշտապես զինվող և տարբեր երկրներից, այդ թվում՝ Իսրայելից և Թուրքիայից, այժմ նաև Իտալիայից, սպառազինություն և ռազմատեխնիկա գնող Ադրբեջանը հիսթերիա է բարձրացրել ՀՀ կողմից ֆրանսիական զենքի գնումների վերաբերյալ։