27 հունիսի 2024 - 12:24 AMT
Օ՛ Բրայեն․ Պոտենցիալ երթուղին կանցներ Ադրբեջանով, ՀՀ–ով և Թուրքիայով, ուստի մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛ Բրայենը, ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, անդրադաձել է իր Բաքու կատարելիք այցին։ Այն հարցին, թե ի՞նչ ուղերձ է նա փոխանցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու հստակեցնելո՞ւ է, որ լինելու են հետևանքներ Հայաստանի նկատմամբ ցանկանացած սպառնալիքների կամ ապագա ագրեսիայի դեպքում, Օ՛ Բրայենը պատասխանել է, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը, հայտնում է Factor.am-ը։

«Նախագահ Ալիևի հետ մենք հետ շատ հստակ ենք՝ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։ Սա միայն Ադրբեջանի հարցը չէ, որը հուսով է իրեն կհարգեն, որպես գլոբալ լիդերի, քանի որ նրանք հյուրընկալում են COP29-ը, այլև ամբողջ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի։ Այս բոլոր երկրներն արտահանում են միայն Չինաստանով կամ Ռուսաստանով։ Որպեսզի նրանք ունենան ելք, պետք է աշխատեն Ադրբեջանով։ Մեկ երթուղին անցնում է Վրաստանով Սև ծով, սակայն մյուսը՝ պոտենցիալ ավելի մեծը կանցներ Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, և այդ պատճառով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ տալու պատերազմին ու սարսափելի հակամարտությանը, որը գոյություն ունի 90-ականներից։ Մեր ուղերձն այն է, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»,-ասել է Պետդեպի պաշտոնյան։

Նա նաև նշել է, որ Իլհամ Ալիևի հետ խոսելու է մարդու իրավունքները հարգելու կարևորության մասին։

«Դա զրույցի շարունակական թեմա է, ներառյալ պետքարտուղար Բլինքենն է նրա հետ վերջին օրերին խոսել և ես անհամբեր սպասում եմ, որ այդ խոսակցությունը նույնպես կշարունակվի»,-ասել է Օ՛ Բրայենը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը հունիսի 27–ին կմեկնի Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նշվում էր, որ նա մեկնում է Բաքու՝ ընդգծելու առաջընթացը ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններում և ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։