27 հունիսի 2024 - 13:47 AMT
Ալեն Սիմոնյանը` Լատվիայում․ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը

Պաշտոնական այցով Լատվիայում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ հանդիպմանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է նաև Լատվիայի օգնությունը:

Խոսելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացում՝ հիմնված ինքնիշխանության, փոխադարձության եւ իրավահավասարության սկզբունքների վրա:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է ՀՀ-ի հավատարմությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքին:

Բարձր գնահատելով Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դերը՝ Ալեն Սիմոնյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել Լատվիայի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին աջակցելու նպատակով տրամադրված մարդասիրական օգնության համար:

Քննարկվել են նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը վերաբերող հարցեր:

ԱԺ–ում լսումներ են անցել ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու վերաբերյալ։ Լսումները նախաձեռնել էր արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում»։