27 հունիսի 2024 - 14:08 AMT
Միրզոյանը և Էստոնիայի խորհրդարանի նախագահն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին

Աշխատանքային այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի Ռիկիկոգուի (խորհրդարանի) նախագահ Լաուրի Հուսսարի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:

ՀՀ ԱԳ նախարարը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի և հարաբերությունների խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի, ակնկալիքների շուրջ՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումները։

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ Հայաստանի ու Էստոնիայի միջև բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկան ընդլայնվող հարաբերությունների վկայությունն են, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության մասով։ Այս համատեքստում կարևորվել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը:

Միրզոյանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, արձանագրված հաջողությունները՝ շնորհակալություն հայտնելով նաև Էստոնիայի կողմից այդ ճանապարհին ցուցաբերված աջակցության համար։

«ՀՀ քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը, և կառավարությունը հաստատակամ է շարունակել բարեփոխումները, այդ թվում՝ համախոհ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- հավելել է Արարատ Միրզոյանը։

Զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ հանգամանալից անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Էստոնիա խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարտի Ռայդման։