27 հունիսի 2024 - 18:22 AMT
Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող հարցին, ասել է, որ Հայաստանը դեմ է ռուս-ուկրաինական պատերազմին և աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանն, ինչպես նաև խաղաղությանն ու կայունությանը։

«Հայաստանն, իսկապես, կտրականապես դեմ է պատերազմին, և մենք չենք կարող հանդուրժել այն ոչ միայն հումանիտար գաղափարներից ելնելով, այլև այն պատճառով, որ մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում։ Մենք տեսանք, թե ինչպես է քաղաքացիական բնակչությունը ենթարկվում բռնի տեղահանության, թե ինչպես են քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվում և այլն»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ պատերազմը միշտ սարսափելի բան է, և Հայաստանը խստորեն դեմ է պատերազմին, հայտնում է Արմենպրեսը։

ՀՀ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանը, միաժամանակ, ոչ միայն աջակցում է խաղաղությանը և կայունությանն, այլև պետությունների տարածքային ամբողջականությանը։

«Մենք միայն կարող ենք երկրներին կոչ անել դադարեցնել ռազմական գործողությունները»,- եզրափակել է նախարարը։

ԱՄՆ Պետքարտուղարությունը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, անկախ որոշ քաղաքական գործիչների հոռետեսությունից։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչները, հատկապես՝ Եվրոպայում, հատկապես փոքր երկրներում, խիտ բնակչությամբ, պետք է տեղյակ լինեն, թե ինչի հետ են խաղում։ Նա հավելել է, որ այդ գործոնը նրանք պետք է հաշվի առնեն՝ նախքան ռուսական տարածքի խորքում հարվածներ հասցնելու մասին խոսելը։