27 հունիսի 2024 - 18:49 AMT
OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը

Հունիսի 26-ին OVIO ընկերության նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը։

Հաշվի առնելով աճող տեխնոլոգիական պահանջներից բխող թվային տրանսֆորմացիայի անհրաժեշտությունը, միջազգային տեխնոլոգիական միտումներին հետևելու և համապատասխանելու կարևորությունը, Տվյալների մշակման կենտրոնների և դրանցում գործարկվող ամպային տեխնոլոգիաների դերը, տեղեկատվական անվտանգության կարևորությունը պետական և մասնավոր հատվածի համար՝ համաժողովի շրջանակում տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվել ներկայացնել սեփական փորձն ու տեսլականը Հայաստանը տեխնոլոգիապես այլ մակարդակ տեղափոխելու հարցում։

«Տվյալների ծավալի աճով պայմանավորված՝ առաջ են գալիս նոր մարտահրավերներ։ Պետական և մասնավոր հատվածի համար կարևորագույն բաղադրիչ է դարձել կիբերանվտանգությունը, տվյալների պահպանման հուսալիությունը ու այլ նոր տեխնոլոգիական լուծումները։

Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները։ Մենք բոլորովին վերջերս գործարկել ենք տարածաշրջանում ամենախոշոր Տվյալների մշակման կենտրոնը և կարևորում ենք ոլորտի մասնագետների և շահագրգիռ կազմակերպությունների մոտեցումները և կարիքները։

OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնն արդեն իսկ հսկայական ներուժ ունի․ 210-ից ավելի սերվերային պահարան, սնուցում երկու անկախ ենթակայանից, 2 ՄգՎ հզորություն, ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխանություն։» - նշել է OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Համաժողովի ընթացքում OVIO-ն և ցանցային հասանելիության լուծումներով հայտնի QRATOR LABS միջազգային ընկերությունը ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ միավորելով սերտիֆիկացված Տվյալների մշակման կենտրոնի ու ամպային լուծումների մատակարար OVIO-ի և սեփական գեո-բաշխված ֆիլտրման ցանցի բազայի վրա հիմնված ցանցային անվտանգության ամպային ծառայությունների մատակարար QRATOR LABS-ի լայն և համապարփակ լուծումները։

Համաժողովի շրջանակում խոսնակները հանդես են եկել տարբեր թեմաներով․ OVIO-ի՝ Տվյալների մշակման կենտրոնի ամպային ծառայությունների կիրառությունը և դերը պետական և մասնավոր սեկտորի համար, պետության և բիզնեսի թվային վերափոխման դինամիկան, Տվյալների մշակման կենտրոնների համաշխարհային միտումները, ամպային ծառայությունների մատակարարների կողմից օգտագործվող տեխնոլոգիաների իմացության կարևորությունը, կիբերանվտանգությունը և այլն։

Համաժողովին մասնակցել և ելույթով հանդես են եկել ՀՀ Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրենը, Կենտրոնական Բանկի Տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ղեկավարը, Uptime և Lenovo համաշխարհային կազմակերպությունների ներկայացուցիչները և այլոք։ OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնում տեղակայված են տվյալների պահպանման համակարգերի աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկի՝ Lenovo-ի սարքավորումները։ Այս համագործակցությունն ու ինտեգրումն ապահովում է բարձր արդյունավետություն և հուսալիություն Տվյալների մշակման կենտրոնի հաճախորդների համար: