28 հունիսի 2024 - 13:48 AMT
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձև

Հունիսի 27-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն (դեմոկրատ, Կալիֆոռնիա) և կոնգրեսական Քրիս Սմիթը (հանրապետական, Նյու Ջերսի) երկկուսակցական բանաձև են ներկայացրել, որով Ադրբեջանը դատապարտվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրագործելու համար։

«Ադրբեջանի ցեղասպան արշավը հայ ժողովրդի դեմ շարունակվում է կրոնական, պատմական և մշակութային վայրերի շարունակական ոչնչացմամբ, ինչը լավ փաստագրված է Caucasus Heritage Watch-ի կողմից։ Մենք անհամբեր սպասում ենք աշխատել կոնգրեսականներ Էշուի և Սմիթի հետ՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները բացահայտելու և ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը, հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:

Բանաձևում հետագծվել է արցախահայության նկատմամբ առանց դրդապատճառի բռնությունը՝ սկսած 2022-ին Լաչինի միջանցքի «դաժան» 10-ամսյա արգելափակումից, մինչև 2023թ.-ի լայնածավալ ռազմական հարձակումը, որը խլեց հարյուրավոր զինվորների և խաղաղ բնակիչների կյանքեր և հանգեցրեց ավելի քան 120,000 տեղահանվածների, ովքեր «բախվելով հետագա էթնիկ բռնությունների սպառնալիքին, լքեցին տարածքը որպես փախստականներ, Ադրբեջանի հարձակմանը հաջորդած երկու շաբաթների ընթացքում»:

Ընդգծվել է նաև հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց շարունակվող «անարդար ազատազրկումը քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներով կամ ընդհանրապես առանց մեղադրանքների», ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացումն ադրբեջանական ուժերի կողմից, որոնք «համակարգված ոչնչացրել են հայկական մշակութային ժառանգության վայրերը Լեռնային Ղարաբաղում, ներառյալ՝ եկեղեցիներ, վանքեր, գերեզմանատներ և այլ մշակութային հուշարձաններ»:

Բանաձևում ընդգծվել է «Հայաստանում փախստականների ճգնաժամին արձագանքելու համար մարդասիրական օգնության չափազանց անբավարար քանակությունը» և դեռ չեն «սահմանվել Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության խելամիտ միջոցներ Լեռնային Ղարաբաղում անմարդկային շրջափակման և էթնիկ զտումների արշավի համար»:

Եզրափակելով բանաձևը՝ Ներկայացուցիչների պալատը դատապարտել է «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունները», որոնք իրենցից ներկայացնում են «էթնիկ զտումների գործողություններ», ընդգծել է Արցախի հայ ժողովրդի համար լուրջ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, կոչ արել վարչակազմին «նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղսակից են մարդու իրավունքների ոտնահարումներին», և արգելել ԱՄՆ ռազմական օգնությունը՝ համաձայն Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։