28 հունիսի 2024 - 13:49 AMT
Սոբհանի․ Սկզբունքային մոտեցում կա, որը չի փոխվի` ով էլ գա իշխանության Իրանում ու ՀՀ–ում

ՀՀ հետ Իրանի քաղաքականությունը սկզբունքային է, ու Իրանի բոլոր նոր իշխանությունները դրա շրջանակում են գործում, որի մասին բազմիցս խոսել են ԻԻՀ բոլորը առաջնորդները։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք հարգում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ու աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Այս սկզբունքային մոտեցումը երբեք չի փոխվի` անկախ նրանից, թե ով կգա իշխանության Իրանում ու ՀՀ–ում»,– ընդգծել է դեսպանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` ՀՀ–ն իրենց համար շատ կարևոր երկիր է ու լավ, ազնիվ հարևան և երկու երկրների անվտանգությունը շաղկապված է։

Անդրադառնալով այն հարցին, որ չնայած խաղաղության գործընթացին Ադրբեջանը ՀՀ–ին սպառնում է նոր պատերազմով, և սպառնալիքները մասնավորապես վերաբերում են Սյունիքին և այս դեպքում ի՞նչ քայլերի կարող է դիմել Իրանը՝ դեսպան Սոբհանին պատասխանել է, որ եթե երկրները ցանկություն են հայտնում խաղաղության մասին, ուրեմն սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն։

«Ինչ վերաբերում է ՀՀ հետ համագործակցության մեր ձևի մասին, ապա դա կախված է ՀՀ կառավարությունից։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել փոխադարձ ընկյալումների հիման վրա։ Այն, ինչ կբխի մեր երկու երկրների շահերից, բոլոր ոլորտներում կհամագործակցենք ՀՀ–ի հետ»,– վստահեցրել է դեսպանը։

Ըստ նրա` ցանկացած մակարդակում հնարավոր է համագործակցել ՀՀ–ի հետ, սակայն դա պետք է լինի փոխադարձ ընկալումների ու պայմանավորվածությունների հիման վրա։

Իրանում մեկնարկել են նախագահի արտահերթ ընտրությունները, որոնք նշանակվել էին ուղղաթիռի կործանման հետևանքով նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։ Երևանում ևս ընտրատեղամասեր են բացվել՝ Կապույտ մզկիթի տարածքում և Իրանի դեսպանատանը։

Նախագահի պաշտոնի համար պայքարում է 4 թեկնածու՝ խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, առողջապահության ու բժշկական կրթության նախկին նախարար, խորհրդարանի անդամ Մասուդ Փեզեշկիանը, ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար Մուստաֆա Փուրմոհամադը, միջուկային հարցերով նախկին բանակցող և Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլը։