28 հունիսի 2024 - 14:08 AMT
Միրզոյանն Էստոնիայի պաշտպանության միջազգային կենտրոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 27-ին Տալլինում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Էստոնիայի պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնում (ICDS) ներկայացրել է փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև Էստոնիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:

Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, վերջին շրջանի զարգացումներն ու միտումները: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է տարածաշրջանում կայունության ու երկարատև խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը և դրա կյանքի կոչման ուղղությամբ գործադրվող ջանքերն ու շարունակական մարտահրավերները:

Անդրադարձ է կատարվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, մինչև օրս ծավալված երկխոսության միջոցով ձեռք բերված պայմանավորվածություններին, դրանց իրականացման կարևորությանը:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նախարար Միրզոյանը շեշտել է խաղաղության պայմանագրի կնքման, 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը շարունակելու կարևորությունը:

Քննարկման մասնակիցների հետ մտքեր են փոխանակվել ԵՄ ու անդամ երկրների հետ ՀՀ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ։ Որպես կարևոր բաղադրիչներ ընդգծվել են ՀՀ դիմակայունությանն ուղղված համատեղ ջանքերը, ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությունը։

Ավելի լայն աշխարհագրական ընդգրկմամբ փոխգործակցության համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հնարավորություններին, ինչպես նաև Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք տնտեսական ու տրանսպորտային կապուղիների զարգացմանը, «Խաղաղության խաչմերուկի» ներքո ծրագրերի կյանքի կոչմանը։ «Մեր միջազգային գործընկերներից մենք ստացել ենք դրական արձագանք այս նախաձեռնության վերաբերյալ, այն վկայում է նաև խաղաղության օրակարգին, տարածաշրջանում կայուն զարգացման ապահովմանը ՀՀ հանձնառության մասին։»

ՀՀ ԱԳ նախարարը նաև պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք այլ հարցերի:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջությամբ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի տեքստը և ստորագրել խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ։

«Ես չեմ կարող ասել, որ մենք տեսնում ենք դրական արձագանք Ադրբեջանից այս առաջարկին՝ ստորագրել խաղաղության համաձայնագիրը մեկ ամսում», - ընդգծել է Միրզոյանը: