28 հունիսի 2024 - 15:32 AMT
Օ՛Բրայենն Ալիևի հետ հանդիպմանը խոսել է խաղաղության օրակարգն առաջ մղելու ԱՄՆ հանձնառության մասին

Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը խոսել է տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու ԱՄՆ հանձնառության և այդ գործընթացին նպաստելու ԱՄՆ պատրաստակամության մասին։ Այդ մասին ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Նա նաև կարևորել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմավարական մակարդակով հարաբերությունների հետագա զարգացումը։ Այդ համատեքստում քննարկվել են տարածաշրջանային համագործակցության հետ կապված հարցեր, Միջին միջանցքը և այլն, հայտնում է APA-ն։

«Նշվել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ, էներգետիկ ոլորտում Ադրբեջանի և ԱՄՆ-ի համագործակցությունը, արդյունավետ և օգտակար խորհրդակցությունները երկու երկրների պատվիրակությունների միջև COP29-ի շրջանակում։ Ընդգծվել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել COP29-ի հաջող անցկացմանը»,–ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Բաքու այցից առաջ Օ՛Բրայենը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել էր, որ ուղերձներ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին փոխանցելու՝ այն մասին, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը

«Նախագահ Ալիևի հետ մենք հետ շատ հստակ ենք՝ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։ Սա միայն Ադրբեջանի հարցը չէ, որը հուսով է իրեն կհարգեն, որպես գլոբալ լիդերի, քանի որ նրանք հյուրընկալում են COP29-ը, այլև ամբողջ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի։ Այս բոլոր երկրներն արտահանում են միայն Չինաստանով կամ Ռուսաստանով։ Որպեսզի նրանք ունենան ելք, պետք է աշխատեն Ադրբեջանով։ Մեկ երթուղին անցնում է Վրաստանով Սև ծով, սակայն մյուսը՝ պոտենցիալ ավելի մեծը կանցներ Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, և այդ պատճառով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ տալու պատերազմին ու սարսափելի հակամարտությանը, որը գոյություն ունի 90-ականներից։ Մեր ուղերձն այն է, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»,-ասել էր Պետդեպի պաշտոնյան։