28 հունիսի 2024 - 17:02 AMT
Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին

Հունիսի 28–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել միլի մեջլիսը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները սեպտեմբերի 1–ին անցկացնելու վերաբերյալ։

Արտահերթ ընտրությունների նախաձեռնողը «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցությունն է, գրում է Turan.az-ը։

Պատճառն այն է, որ նախապես խորհրդարանական ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29 Կլիմայի փոփոխությունների գլոբալ կոնֆերանսի հետ։ Այդ պատճառով իշխող կուսակցության պատգամավորների առաջարկով խորհրդարանը հունիսի 21–ին դիմել էր նախագահին՝ խնդրելով ընտրությունները ժամկետից շուտ անցկացնել։

Հունիսի 27–ին Ադրբեջանի սահմանադրական դատարանը որոշել է, որ պատգամավորների այդ նախաձեռնությունը չի հակասում գլխավոր օրենքին։

Ըստ Ադրբեջանի սահմանադրության, միլի մեջլիսի ընտրություններն անկցավում են 5 տարին մեկ՝ նոյեմբերի առաջին կիրակի օրը։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») 2024–ին կանցկացվի Ադրբեջանում։ ՀՀ–ն 2023–ի դեկտեմբերին իր համաձայնությունն է տվել, որ կոնֆերանսն անցնի Ադրբեջանում՝ գերիների փոխանակման համաձայնության շրջանակում: