29 հունիսի 2024 - 13:30 AMT
Դեսպան Մկրտչյանը՝ Financial Mirror-ին․ Կիպրոսը ՀՀ կարևորագույն գործընկերներից է ԵՄ-ում

Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը Financial Mirror լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ Կիպրոսը ՀՀ կարևորագույն գործընկերներից է ԵՄ-ում, որի հետ հարաբերությունները կարելի է բնութագրել ռազմավարական ոչ միայն ԵՄ-ում, այլ նաև երկկողմ ձևաչափում, որտեղ պաշտպանական ոլորտն ունի իր ուրույն կարևորագույն տեղը

Պատասխանելով Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմին հաջորդած զարգացումների վերաբերյալ հարցին՝ Մկրտչյանը ներկայացրել է ներկայիս իրավիճակը, անդրադարձել երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ առկա խնդիրներին, Ալմաթիի 1991թ. հռչակագրին, որով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և դրա հիման վրա սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին, առկա և նոր տրանսպորտային և բեռնափոխադրումների ճանապարհների վերացմանը և կառուցմանը՝ Միջազգային իրավունքի սկզբունքներին և պետությունների ներքին օրենսդրությանը համապատասխան, որտեղ Ադրբեջանի կողմից ժամանակ առ ժամանակ բարձրացվող միջանցքի տրամադրման պահանջը՝ երրորդ երկրների կողմից անվտանգության ապահովմամբ, անընդունելի է, հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Շարունակելով խաղաղության շուրջ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում առկա հարցերը՝ Մկրտչյանը կարևորել է նաև Արցախում առկա հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրները, ընդգծել բնակչության վերադարձի իրավունքի հարցը, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ քարոզչական թեզի թմբկահարմանը, որն ընդգրկում է Հայաստանը: Դեսպանը նաև անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների և նրանց դեմ հարուցված արհեստական դատական գործերին։

Վերոնշյալ հարցերը հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության կերտման հիմնական խոչընդոտներն են:

Ընդգծելով միջազգային համայնքի որպես միջնորդ հանդես գալու դերը՝ դեսպանը կարևորել է երկկողմ անմիջական շփումներն ու բանակցությունները, որտեղ մասնավորապես շեշտել է քաղաքական կամքը երկու պետությունների միջև ձգտելու երկարաժամկետ խաղաղության:

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, և երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ սկսած ժողովրդավարությունից մինչև դիմակայություն, ինչպես նաև այս համատեքստում նշեց հունիսին և ավելի վաղ՝ ապրիլին կայացած հանդիպումների և դրանց արդյունքների մասին, ընդգծելով հայտարարությունների մեջ տեղ գտած կարևոր փաստը Հայաստանի կողմից տարածաշրջանում անվտանգության և կայունության ներդրման վերաբերյալ:

Ամփոփելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին խոսքը՝ Մկրտչյանն ընդգծել է այն փաստը, որ Հայաստանի հարաբերությունների սերտացումը ԵՄ հետ կապված է որ թե այն հանգամանքի հետ, թե ինչ է Հայաստանը առաջարկում կամ վաճառում, այլ թե ինչ է Հայաստանն իրենից ներկայացնում որպես այդպիսին, որը ժողովրդավարական պետություն է, հարգում է միջազգային և մարդու իրավունքները և խոսքի ազատությունը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: Հայաստանն իր արժեքային համակարգով եվրոպական պետություն է, և քաղաքակրթության տեսանկյունից է նաև վերջինիս սերտացումը ԵՄ հետ հարաբերություններում:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ դեսպանը նշել է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների և սահմանների բացման կարևորությունը՝ առանց նախապայմանների: Դեսպանը կարևորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում, ինչը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:

Ամփոփելով հարցազրույցը, լրագրողը կարևորել է Թուրքիային տրված հնարավորությունը Հայաստանի հետ հարաբերություններում ցուցադրելու խաղաղության և կայունության ջատագովի կերպար, ինչը ցավոք բոլորովին այլ է Կիպրոսի հետ հարաբերություններում: