29 հունիսի 2024 - 16:20 AMT
ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Հունիսի 29-ին Դուբրովնիկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնը քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։

Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերում երկխոսության շարունականության ապահովմանն ու առաջիկա միջոցառումներին։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի՝ հաշվի առնելով, որ Սլովենիան այս շրջանում հանդիսանում է ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ շեշտելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը։

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության ծրագրի շրջանակներում նրանց այս տարի արդեն երրորդ անգամ Սլովենիայում հյուրընկալելու համար։

Մերձավոր Արևելքում իրավիճակի համատեքստում նախարարներն անդրադարձել են վերջին մեկ ամսվա ընթացքում Սլովենիայի և Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչմանը՝ «երկու պետություն» սկզբունքին համահունչ։

Միրզոյանը Խորվաթիայում մասնակցում է Դուբրովնիկի համաժողովին, ծրագրված են նաև գործընկերների հետ երկկողմ հանդիպումներ։