29 հունիսի 2024 - 16:28 AMT
Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները

Հունիսի 29-ին Խորվաթիայում, Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր: Այս համատեքստում կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ձևաչափերում պարբերական շփումները:

Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը: Միրզոյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին՝ շեշտելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում:

Հունիսի 2–ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կապարետյանը ուկրաինական Բուչա էին այցելել։ Հայկական պատվիրակությունը դեղորայք էր նվիրաբերել Բուչայի բժշկական հաստատություններին։ Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ էին խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Բուչայի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ ՌԴ ԱԳՆ–ն այդ կապակցությամբ բողոքի նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ–ին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով հայկական պատվիրակության այցին Կիև և Բուչա, հայ խորհրդարանականներին կոչ էր արել Բուչայում զոհվածների ցուցակ փոխանցել։