1 հուլիսի 2024 - 13:51 AMT
Փաշինյան․ Եթե ժողովուրդն ուզի իշխանափոխություն անել, կանի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում հայտարարել է, որ հեղափոխությունը ցույց տվեց, որ երբ հանրության ներսում փոփոխությունը հասունացած է, այդ փոփոխությունը տեղի կունենա՝ շեշտելով՝ ոչ ոք չի կարող դիմադրել և դիմակայել դրան։

«Վերջերս ես քաղաքական հանգամանքների բերումով միշտ ասում եմ՝ եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի, ոչ մեկը չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար», - ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։

Փաշինյանը նաև հայտարարել է՝ կարող է տարօրինակ հնչել, բայց պետք է շատ ժամանակ ծախսել հանրությանը, ինքներս մեզ ճանաչելու համար։

«Որովհետև այսօր մեր հանրության ու հանրային կյանքում կան շերտեր, որոնց մասին կա՛մ չգիտենք, կա՛մ չենք խոսում այդ մասին։ Մենք պետք է առերեսվենք այդ շերտերի հետ», - ասել է գործադիրի ղեկավարը։

Փաշինյանը նաև ընդծել է, որ այն, ինչ կարող էին անել քաղաքական կամքով, արել են, կարևոր են, ըստ նրա, ինստիտուցիոնալ լուծումները։

«Եթե Հայաստանը չլիներ ժողովրդավարական երկիր, այսօր Հայաստան, որպես անկախ պետություն, չէինք ունենա», - հայտարարել է վարչապետը։

Գրեթե երկու ամիս է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը բողոքի ակցիաներ, հանրահավքներ է անում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Հունիսի 12-ին խորհրդարանի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան մարդ էլ վիրավորվեց։ Վարչապետի թիմակիցներն առաջին օրերից պնդում են, որ շարժումը մարում է, Փաշինյանի հրաժարականի պահանջն էլ կեղծ է։