1 հուլիսի 2024 - 15:26 AMT
Սուրենյան․ Հուլիսը կլինի ոչ շատ շոգ և տեղումնառատ

Հուլիսը Հայաստանում կլինի ոչ շատ շոգ և տեղումնառատ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը նորմայից զգալի ավել։ Մեզ սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս»,–գրել է նա։

Հանրապետության տարածքում հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-2-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, հուլիսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-12 աստիճանով: