1 հուլիսի 2024 - 17:19 AMT
ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։

Նշվում է, որ բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով

«Համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովներն իրականացնում են ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ:

2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ: Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։

Ապրիլին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև հուլիսի 1-ն ավարտին հասցնել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները։ Ըստ պայմանավորվածության՝ կանոնակարգի համաձայնեցումից հետո պետք է սկսվի ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն: