1 հուլիսի 2024 - 18:50 AMT
Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման գործընթացներին:

Կոմանեսկուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար և շնորհավորել Հայաստանին կազմակերպության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահության օրոք կհաջողվի հասնել կազմակերպության առջև դրված նպատակների իրականացմանը:

ՀՀ ԱԺ նախագահը Լազար Կոմանեսկուին է ներկայացրել նաև Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրագործմամբ տարածաշրջանի երկրների համար ընձեռվող նոր հնարավորությունները:

Զրուցակիցները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հուլիսի 1-ից Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը։ Կազմակերպությունում Հայաստանի նախորդ նախագահությունը եղել է 2018թ. առաջին կեսին։