2 հուլիսի 2024 - 11:40 AMT
Ալիև․ Խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորագույն պայմանը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորագույն պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է, քանի որ այնտեղ «տարածքային պահանջներ կան»։

«Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Դա հասկանալի է»,–ասել է նա Կանադայի նորանշանակ դեսպան Քևին Համիլթոնի հավատարմագրերն ընդունելիս:

Նա նշել է, թե սուբստանտիվ բանակցություններն Ադրբեջանի ու ՀՀ միջև սկսվել են միայն 2023–ի դեկտեմբերին, քանի որ մինչ այդ «Հայաստանը փորձում էր պայմանագրում ներառել Լեռնային Ղարաբաղի մասին հարցը», գրում է APA–ն։

«Դա անընդունելի էր, քանի որ դա մեր ներքին հարցն է։ Այսպիսով, բանակցությունները տևում են 6 ամիս՝ դեկտեմբերից։ Ժամանակ է պետք է, և կարևորագույն պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»,–ասել է նա։

Ալիևն ավելի վաղ ևս հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։