2 հուլիսի 2024 - 11:53 AMT
Փաշինյան․ Որպես ՍԾՏՀԿ նախագահող կարևորում ենք տարածաշրջանային գործակցության ընդլայնումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուի հետ հանդիպմանը նշել է, որ որպես հուլիսի 1-ից կազմակերպության նախագահությունը ստանձնած երկիր՝ Հայաստանը կարևորում է անդամ պետությունների միջև համագործակցության հետևողական զարգացումը տնտեսության տարբեր ոլորտներում:

Փաշինյանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով կապերի ընդլայնմամբ:

Լազար Կոմանեսկուի խոսքով՝ արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ կառավարության գործընկերների հետ՝ կազմակերպության նախագահության ընթացքում առաջնահերթությունները նախանշելու և դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, Հայաստանում իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքի, տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Հուլիսի 1-ից Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը։ Կազմակերպությունում Հայաստանի նախորդ նախագահությունը եղել է 2018թ. առաջին կեսին։