2 հուլիսի 2024 - 13:01 AMT
Ալիևը ԼՂ հայերի վերադարձը կապում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերադարձի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձը կապել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերադարձի հետ։ Նա այդպես է պատասխանել Ադրբեջանում Կանադայի դեսպան Քևին Համիլթոնի դիտարկմանը ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին։

Ադրբեջանի նախագահն ասել է, որ այդ իրավունքը պետք է փոխադարձաբար ապահովվի և պետք է վերաբերվի նաև «Արևմտյան Ադրբեջանի համայնքին», գրում է APA-ն։

Նա նաև ասել է, թե ՀՀ հետ խաղաղության պայմանագրի առկայությունը չի կարող կարևոր լինել որևէ երկրի հետ Ադրբեջանի երկկողմ հարաբերություններում։

«СОР29–ի հարցում Հայաստանը հանեց այդ միջոցառումն Ադրբեջանում անցկացնելու հետ կապված սահմանափակումները, իսկ մենք դեմ չեղանք նրանց մասնակցությանը СОР կառավարող մարմիններում։ Անկեղծ ասած, չեմ կարծում, թե խաղաղության պայմանագիրը ՀՀ և Ադրբեջանի միջև կարող է կարևոր դեր ունենալ մեր երկկողմ հարաբերություններում որևէ երկրի հետ»,–ասել է նա։

Ալիևը նաև հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորագույն պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է, քանի որ այնտեղ «տարածքային պահանջներ կան»։

Ալիևն ավելի վաղ ևս հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։