2 հուլիսի 2024 - 17:19 AMT
Բաթոյան․ Երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աճում է, դա դրական է՝ սկսել են դիմել իրավապահներին

ՔՊ պատգամավոր Զարուհի Բոթոյանը «Ընտանեկան բռնության մասին փոփոխված օրենքն ինչպե՞ս կազդի բռնության զոհերի վրա» թեմայով մեդիակենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունը ցույց է տալիս թվերի աճ, դա դրական դինամիկա է։

Ըստ վիճակագրության, ընտանեկան բռնության դեպքերի աճ է գրանցվել, և միայն 2023-ին 1819 դեպք է արձանագրվել, հայտնում է Aysor.am-ը։

«Պարզապես սկսել են դիմել իրավապահ մարմիններին։ Սա չի նշանակում, որ դեպքերը ավելացել են, իրականում դեպքերն ավելի շատ են, սա միայն պաշտոնական վիճակագրություն է, բայց գիտենք, որ դեպքերն ավելի շատ են, մեր տեսադաշտից դուրս են, կամ նույնիսկ բողոքի չեն հասնում»,-ասել է նա։

Ըստ նրա, օրենքի փոփոխությունները վիճակագրությունից չեն եկել, այլ հիմնված են սկզբունքների, մարդու իրավունքների և միջազգային փորձի վրա։

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը ևս հաստատել է, որ միայն կենտրոնը նախորդ տարի մոտ 4000 հեռախոսազանգ է ստացել թեժ գծին, 1000 կին ստացել է աջակցություն և ավելի քան 300 կին գտնվել է ապաստարաններում։

Ըստ նրա՝ դիմելիությունը մեծացել է, քանի որ մարդիկ իրազեկված են և պաշտպանվածության վստահություն ունեն։