2 հուլիսի 2024 - 17:57 AMT
Գեղարքունիքն ու Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կգործակցեն գյուղատնտեսության ոլորտում

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում։ Մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին՝ Իզերի գյուղատնտեսական պալատի փոխնախագահ Ժակլին Ռեբուֆեին, ագրոտնտեսագետ Վալերի Մորիե-Ժենուին, ֆրանսիական գյուղատնտեսական կրթության հայաստանյան ցանցի օժանդակող Էվելին Բոհունին, ովքեր մարզպետի հրավերով գտնվում են Գեղարքունիքի մարզում, հայտնում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը։

Սարգսյանը խոսել է մարզի գյուղատնտեսության զարգացման հիմնական ուղղությունների, ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի, ներդրումային խոշոր ծրագրերի, գրանցված արդյունքների ու այն կոնկրետ քայլերի մասին, որոնք կարող են նպաստել մարզի գյուղատնտեսության առաջընթացին։

Ֆրանսիացիներն իրենց հերթին ներկայացրել են Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսական ձեռքբերումները, ֆերմերային խոշոր տնտեսությունների ձևավորման ու կառավարման փորձը և պատրաստակամություն հայտնել՝ համատեղ ուժերով ուսումնասիրել Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության առանձնահատկությունները և մշակել համագործակցության ռազմավարությունը՝ գործողության մեջ դնելով ոլորտային զարգացում ապահովող ծրագրեր հողագործության, անասնապահության, գյուղատնտեսական կրթության զարգացման ուղղություններում։

«Մեր մարզում տարիներ շարունակ մարդիկ վարել են ավանդական գյուղատնտեսություն, որի արդյունքում մենք հիմնականում գործ ունենք նվազ եկամտաբերության ու բարձր ինքնարժեքի հետ։ Համագործակցության մեր նպատակը պետք է լինի հետևյալը՝ ֆրանսիական փորձի հիման վրա զարգացնել այնպիսի մշակաբույսերի ցանքեր, որոնք կապահովեն բարձր եկամտաբերություն ու համեմատաբար ցածր ինքնարժեք։ Նույնը կարելի է կիրառել անասնաբուծության, անասնապահական մթերքների արտադրության ոլորտներում։ Կարծում եմ, որ մենք կարող ենք համագործակցության ընդհանուր եզրեր գտնել ու տեսանելի արդյունքներ գրանցել»,-նշել է Կարեն Սարգսյանը։

Ֆրանսիացի մասնագետներն այցելել են նաև Գավառի գյուղատնտեսական քոլեջ։