2 հուլիսի 2024 - 18:26 AMT
Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում

Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկու կողմից նաև պատ է շարվելու։ Այդ մասին հայտնել է Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը՝ հավելելով, որ ճանապարհի շինարարական աշխատանքները շարունակվում են, հայտնում է «Փաստինֆոն»։

«Դեռ մի 15 օր էլ, հավանաբար, կտևի, պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը։

Ինչ վերաբերում է սահմանազատման հետևանքով սեփական անշարժ գույքից՝ հողատարածքից, տնից զրկված գյուղացիների փոխհատուցմանը, ապա նա վստահեցրել է, որ գործընթացի մասին տեղեկություն չունի։

«Ինձ մոտ ինչ նախկինում ասվել ու գրվել էր, դրանից եմ տեղյակ, ոչ մի բան չի փոխվել։ Ոչ գիտեմ փոխհատուցում տալու են, ոչ էլ գիտեմ, թե որքան է տրվելու, ոչինչ չգիտեմ»,- ասել է Շահինյանը։

Հունիսի 30-ին Կիրանց գյուղի մոտ ադրբեջանական զինուժը տեղադրել է մեծ դրոշակ, որը տեսանելի է նաև Կիրանցի հարևան՝ Աճարկուտ գյուղի տարածքից։

Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:

Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։