3 հուլիսի 2024 - 15:15 AMT
«Ոսկե ծիրանի» տնօրեն․ Սփեյսին ՀՀ է հրավիրվել բացառապես իր մասնագիտական որակների համար

Դերասան Քևին Սփեյսին Հայաստան է հրավիրվել բացառապես իր մասնագիտական որակների համար, «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնի մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Քևին Սփեյսին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է լինելու։ Նրա գալը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում, քանի որ դերասանին մեղադրում են տարբեր կանանց դեմ սեռական ոտնձգությունների մեջ։ Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ քննադատություններ էին հնչեցրել և հայտարարել, որ կինոփառատոնը Սփեյսին հրավիրելով քաջալերում է բռնարարներին մի երկրում, որտեղ այդ խնդիրը բավականին ցավոտ է։

«Ես չեմ պատկերացնում երկիր, որտեղ բռնության դեպքերը պակաս ցավոտ են։ Բռնությունը հավասարապես դատապարտելի է ամբողջ աշխարհում։ Լավ չեմ պատկերացնում դա քաջալերելու մեղադրանքը, քանի որ բուն նյութը, որով Սփեյսին ներկայանալու է, բացառապես կապված է իր մասնագիտական որակների և հմտությունների հետ։ Այսինքն` տուրք է տրվում ոչ թե Սփեյսիի մարդ տեսակին, այլև մասնագիտական գործունեությանը։ Մենք մարդկային որակների դաշտ չենք մտնում, քանի որ չունենք դրա իրավունքը և համապատասխան գիտելիք, ինչպես և չունեն քննադատողները։ Եթե մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, որ կան դատական ատյաններ, որոնք հանձնառություն ունեն հարցին լուծում տալու, անկախ մեր և ձեր վերաբերմունքից, անձնական վերլուծություններից, պետք է դրանց հետևել»,–ասել է Ավետիսյանը։

Նրա խոսքով իրենք ուշիուշով սպասել են, որ ԱՄՆ–ի և Միացյալ Թագավորության գերագույն դատական ատյանները կայացնեն իրենց որոշումը, որը չի եղել երկակի, այլ հստակ դատավճիռ արդարացման հիմքով։ Ավետիսյանն ընդգծել է, որ ոչ թե ծանր հանցագործությունների, այլ էթիկական որոշ հարցերում եղել է Սփեյսիի անձնական զղջումը։

Փառատոնի տնօրենը շեշտել է, որ իրենք հարգանքով են վերաբերվում բոլոր այն կազմակերպություններին, որոնք պայքարում ու բարձրաձայնում են բռնության դեպքերը։

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե «Ոսկե ծիրանը» Սփեյսիին հրավիրել է, որ սև PR–ով զբաղվի, Կարեն Ավետիսյանը նշել է, որ հնարավոր է` համաձայներ դրա հետ, եթե այս տարի լիներ կինոփառատոնի անցկացման առաջին տարին, բայց քանի որ կա ահռելի կատարված աշխատանք, այդ մեղադրանքներն ուղղակի անհիմն են։

Սփեյսիի հետ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին` 16:00–ին, Ամերիկյան համալսարանում։ Մուտքն ազատ է։

Փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ «Ոսկե ծիրանն» այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:

Photo. AP